ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել։ Այս մասին Faecbook-ում տեղեկացնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Հարգելի հայրենակիցներ, Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ-ի սեպտեմբերի 25-ին` ժամը 12:30-ին», - գրել է Ալեքսանյանը։
Նշենք, որ Չարչյանը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նրա մոտ օգոստոսի 24–֊ին արձանագրվել է սրտամկանի սուր ինֆարկտ։ Դրանից բացի, Չարչյանը տառապում է շաքարային դիաբետով։
Չարչյանի խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։