ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել Facebook-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Քրեական գործ է հարուցվել անձի` հանրային գործունեությամբ պայմանավորված ծանր վիրավորանք հասցնելու` ՔՕ 137.1 հոդվածի հատկանիշներով։
Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում մեկնաբանության հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Ազգային ժողովը հուլիսի 30-ին ընդունեց հայհոյանքը քրեականացնելու մասին նախագիծ, որի համաձայն` հայհոյանքը, անգամ հեռավար պայմաններում (օնլայն), առաջացնում է պատիժ`տուգանքից մինչև կալանք։
131.1 հոդվածում նաև սահմանվում է, թե ինչ ասել է հանրային գործունեություն։ Ըստ այդմ` հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: