ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Անազատության մեջ գտնվող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ առաջադրել է իր թեկնածությունը հոկտեմբերի 17-ին նախանշված Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում։
«Ընտրություններին առաջադրվում եմ իմ և թիմակիցներիս ստեղծած "Առուշ Առուշանյան" դաշինքով, որի հիմքում ընկած են արդարության ու ազատության սկզբունքները, ազգային պետական շահն ու ներազգային համերաշխության հաստատումը, ինչի շնորհիվ Համայնքի ներսում կկարողանանք միասին հաստատել կայուն խաղաղություն ու համերաշխություն, ստեղծել Գորիսի համար զարգացման իրական պայմաններ ու հեռանկարներ»,–ասված է Առուշանյանի հայտարարության մեջ։
Նա նաև նշում է, որ գնում է ընտրության, քանի որ սկսած գործը կիսատ թողնել չի կարող։
Հիշեցնենք` 2021 թվականի սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվի "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` առաջին և երկրորդ ընթերցմամբ։
ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է խոշորացնել Արագածոտնի մարզի 69, Արարատի մարզի 105, Արմավիրի մարզի 82, Գեղարքունիքի մարզի 62, Լոռու մարզի 43, Կոտայքի մարզի 30, Շիրակի մարզի 40, Վայոց Ձորի մարզի 5, Տավուշի մարզի 3 համայնքներ։ Միավորման արդյունքում ձևավորվելու է թվով 37 համայնք:
Բացի այդ, նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց գյուղով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից։
Նորաստեղծ համայնքներում օրենքի փոփոխությունների հաստատումից հետո կնշանակվեն համայնքի ավագանու նոր` արտահերթ ընտրություններ։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Փոփոխությունները, գործադրի հիմնավորմամբ, պայմանավորված են 2016թ–ին մեկնարկած ու մինչ օրս չավարտված համայնքների խոշորացման գործընթացով։"
2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր ՀՀ 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 խոշորացված համայնք:
Նշենք նաև, որ միավորված համայնքներում, ԿԸՀ որոշմամբ, այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։