Եվրոպական քաղաքի պես. Երևանը շուտով սքեյթ–պարկ կունենա

Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, հանրային սանհանգույց։ Այգու նվիրատուն Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Այն կլինի Օղակաձև զբոսայգում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ՝ 5044 քմ հանրային տարածքում։
«Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշելու», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է:
Սկսվել է նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը: Տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող այգին բերվում է նոր տեսքի: Ընդհանուր առմամբ բարեկարգվում է շուրջ 16000 քմ տարածք:

««Կեցցեք», «Եվրոպական քաղաքի ենք նմանվում», «Հայկ Մարությանն իմ հիշողության մեջ ամենահաջողված քաղաքապետն է»»,– գրում են օգտատերերը մեկնաբանություններում։

Նշենք, որ այգու նվիրատուն Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանն է։ Արդեն խաղահրապարակի հարավային հատվածի ռելիեֆային մասը ձևավորվել է որպես ամֆիթատրոն։
Երևանի օղակաձև զբոսայգում նոր աղբյուր-հուշակոթող կտեղադրվի
Այժմ բարեկարգվում է տարածքի արևելյան առկա կանաչ գոտին՝ համալրվելով լանդշաֆտային ու բուսական դիզայնով և դիտահարթակներով: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, հանրային սանհանգույց։