Աշխատեք որակով, փող ստացեք տոպրակով

Եկեք անկեղծ լինենք։ Շատ ավելի ծանր է դարձել ընդդիմության վիճակը Հայաստանի նոր խորհրդարանում։ Ընդդիմադիրներին դահլիճից դուրս են հրավիրում, նրանց դեմ պառլամենտում օգտագործում են զինվորական համազգեստ հագած աշխատակիցների ուժերը։
Sputnik
Ընդդիմադիրներին պարբերաբար ներքաշում են անզիջում շշակռիվների մեջ, խոսափողների անջատման մասին չեմ էլ խոսում։ Հիմա էլ ընդդիմադիրները փաստորեն վճարում են սեփական սկզբունքայնության համար` հրաժարվում են ամեն ամիս բոլոր պատգամավորներին տրվող պարգևավճարից, որից իշխանականները, ինչպես երևում է, ամենևին մտադիր չեն հրաժարվել։
Եվ ստացվում է, որ, ինչպես դեռ նախկին խոսնակ Արարատ Միրզոյանն էր վկայում, եկամտահարկը մուծելուց հետո բոլոր պատգամավորներին, այսպես ասած, "մաքուր" հասնում էր մոտ 450 հազար դրամ աշխատավարձ՝ պլյուս 150 հազար «մաքուր» պարգևավճար, այսինքն` միջին պատգամավորի գրպանը ամսական մտնում էր մոտ 600 հազար դրամ, ընդդիմադիրի գրպանը՝ ավելի քիչ։ Բայց հենց այդ տարբերությունն էլ երևի կարելի է համարել սկզբունքայնության վճար՝ չեմ վերցնի ինձ հասանելիք պարգևավճարը, և վե′րջ։ Է, մի′ վերցրու։ Ինչպես շատ ճիշտ նկատել էր ամերիկացի հայտնի հումորիստներից մեկը` եթե ձեզ դուր չի գալիս ձեր աշխատավարձը, տվեք այն ձեր կնոջը։
Ճիշտն ասած, երբեմն կոնկրետ նշված գումարը այնքան էլ կարևոր նշանակություն չունի, եթե դուք օգտվում եք այլ առավելություններից։
Օրինակ` պատգամավորի անձեռնմխելիությունը։ Հասարակ քաղաքացին հո չի՞ կարող անձեռնմխելիություն ունենալ։ Ճիշտ է, պարզվեց, որ սա պրոբլեմ է նաև մեր որոշ պատգամավորների կամ թեկնածուների համար, բայց այս պրոբլեմի հետ մեզ մոտ, չգիտես ինչու, բախվում են բացառապես ընդդիմադիրները։
Բոլորը պիտի երջանիկ լինեն, իսկ կասկածվողները կհայտնվեն բանտում
Ավելին, նույնիսկ նախկին նախագահին դատավորը կարող է արգելել գնալ Մոսկվա և հանդիպել այն քաղաքական ուժի հետ, որը մի քանի օր առաջ սահմանադրական մեծամասնություն շահեց Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններում։ Որոշում կայացնողը ես եմ, իսկ ես պարզապես թույլ չեմ տա, և վե′րջ. այսպիսին է դատավորի անզիջում դիրքորոշումը։ Իհարկե, ցանկության դեպքում կարելի է բոլորովին այլ կերպ բնորոշել այս ամենը և պնդել՝ տեսնո՞ւմ եք, թե ինչ ազատ, անկախ, արդար և սկզբունքային են մեր դատավորները։
Բայց այս ամենին ավելի շատ կհավատայի գիտե՞ք` որ դեպքում՝ եթե ներկա վարչակազմի դեմ պայքարող նախկին նախագահի փոխարեն լիներ իշխանականներից մեկը, և նրան արգելվեր գնալ Ռուսաստանի մայրաքաղաք։ Այ, դա խիստ համոզիչ կլիներ։
Անուղղելի են սրանք. Գեղամ Մանուկյանը բացահայտել է պատգամավորների պարգևավճարի չափը
Համաձայնե′ք` ընդհանրապես հասարակության զարգացման համար շատ շահեկան է Արևմտքում գործող սկզբունքը, երբ որևէ չինովնիկի որևէ արտոնություն չի տրվում կախված այն բանից, թե տվյալ աշխատողը ինչ ճամբար է ներկայացնում՝ իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր, և որևէ մեկին չեն հետաքրքրում տվյալ աշխատողի քաղաքական հայացքները։ Քաղաքակիրթ երկրներում մրցակցությունը բոլորովին այլ ոլորտում է՝ կոմերցիոն և պետական։ Ակնհայտ է, որ մասնավորն ի վիճակի է նույն աշխատանքի համար ավելի շատ վճարել։
Քննադատությունից չեմ վախենում, ճիշտ որոշում եմ կայացրել. ԱԺ նախագահը` պարգևավճարների մասին
Եվ այդ դեպքում պետությունը ստիպված է այլ ուղիներ գտնել, որպեսզի իր աշխատողը չփախչի մասնավորի մոտ, որտեղ աշխատավարձը կախված է ոչ թե զբաղեցրած պաշտոնից, այլ արված գործի ծավալից։

«Երկու անգամ ավելի շատ ստանալու համար պիտի երկու անգամ ավելի շատ աշխատեմ,–փաստում է երգիծաբանը` կատակով ավելացնելով,– բայց այդ դեպքում օգուտս ո՞րն է»։

Օգուտներն անպակաս են։ Օրինակ` հենց այդ նույն պարգևավճարները, որոնց շուրջ արդեն քանի օր է՝ վեճեր են ծավալվում։ Բայց, ինչպես շատ ճիշտ նկատել է մեր ժողովուրդը, ամեն ինչ հո փողով չի՞ որոշվում։ Գիտե՞ք, թե որքան է կազմում գերմանացի չինովնիկի արձակուրդը։ 6 շաբաթ։ Եթե նաև տոն օրերին եք աշխատել, ինչպես ստիպված ենք անել մենք՝ լրագրողներս, այդ 6 շաբաթին ավելանում է 8 օր։ Դե հիմա գումարեք ու անկեղծորեն խոստովանեք՝ արդյոք անհեթեթություն չե՞ն այն բացարձակ անհիմն պնդումները, իբր մենք՝ հայաստանցիներս, շատ-շատ ենք հանգստանում, ամբողջ աշխարհից ավելի երկար։ Այո′, ընդդիմադիրները միգուցե չափից շատ են հանգստանում, դե, բոլորը գիտեն, որ նրանք գործ անել չեն սիրում։ Բայց իշխանություններն իրենց տքնաջան աշխատանքով հո կարողանում են փոխհատուցել ընդդիմության անգործությունը։
Անցած տարվա հաղթանակը և մեր բազմաթիվ տնտեսական նվաճումները վկա։