Արմեն Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է Գորիս–Կապան ճանապարհի խնդիրը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին
Կողմերը քննարկել են 2 երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության հարցերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկությունը հայտնում են ԱԽ մամուլի ծառայությունից։
«Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերն ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՌԱԴԻՈ
Գորիս-Կապանի ճանապարհին գրանցվածի ֆոնին, կամ ում դեմ են ուղղված Իրանի զորավարժությունները
Դեսպան Զոհուրին նկատել է, որ հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվել է առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ:
«Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծել է, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք` օգոստոսի վերջին ադրբեջանական ԶՈւ–ն երեք օր շարունակ փակել էր Գորիս-Կապան ճանապարհահատվածը, ինչի հետևանքով լուրջ խնդիրներ էին առաջացել տեղի բնակիչների համար։ Ի վերջո ճանապարհը բացվեց, սակայն ադրբեջանական ուղեկալների մոտ բետոնե արգելապատնեշներ տեղադրվեցին իբր երթևեկության անվտանգության համար։
Սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ բացած իրենց ոստիկանական կետում ադրբեջանցիները ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու բեռը, պահանջում մաքսատուրք վճարել։
Սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել էին հայկական պեհամարանիշով ավտոբուսը, որը տեղափոխելիս է եղել արցախցի երխաների։ Ադրբեջանցի զինվորականը մեքենայի վրայից քերել էր Արցախի դրոշը, ապա ավտոբուսի մեջ նստած երեխաներին "սովորեցրել", թե ումն է Արցախը։