ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմը դարձավ լրջագույն փորձություն հայոց պետականության համար՝ հանգեցնելով բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստների։ Անկախության 30-ամյակի շնորհավորական իր ուղերձում այս մասին նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` համոզմունք հայտնելով, որ մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։
«Այս երեսնամյա անկախության ճանապարհը հնարավոր եղավ հայ ժողովրդի լավագույն զավակների անձնվիրության, հայրենասիրության ու խիզախության շնորհիվ։ Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն հայ ժողովրդի ապագայի»,–ասված է Հարությունյանի ուղերձում։
Նրա խոսքով` յուրաքանչյուր հայ, որտեղ էլ որ լինի, պարտավոր է իր ներդրումն ունենալ ապագայի կերտման, հայոց պետականության ամրապնդման գործում։ Ուժեղ ու զարգացող Հայաստանը, ըստ Հարությունյանի, այլընտրանք չունի։
Հարությունյանն իր ուղերձը եզրափակել է Միքայել Նալբանդյանի "Իտալացի աղջկա երգը" բանաստեղծությունից մի հատված մեջբերելով.
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհի...
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։