Իշխանությունները ներքին պայմանավորվածություններ ունեն. Օհանյանը` խաղաղության գնալու մասին

Սեյրան Օհանյանը նշում է, որ չի կարելի ժամանակավրեպ սահմանազատում և սահմանագծում իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Արցախն այժմ փաստացի անկլավային, շրջապատված վիճակում է գտնվում, իսկ ՀՀ սահմանին թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն օր նոր սադրանքների է դիմում։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Կարծում եմ, որ ՀՀ իշխանությունները ներքին պայմանավորվածություններ ունեն և գնում են դեպի ադրբեջանական խաղաղության թեզի խաբկանք` չհասկանալով, որ առանց լուրջ պայմանագրի չենք կարող նման քայլի գնալ։ Եվ նման պայմաններում խոսել ինքնիշխան պետության մասին` դժվար է»,–ասաց Օհանյանը։

Նրա խոսքով` պետք է միասնական ջանքերով դուրս գանք ստեղծված իրավիճակից, սակայն ներկայիս իշխանությունների դեպքում դա անելը դժվար է։
Օհանյանը շեշտեց` խաղաղության պայմանագրի առկայության դեպքում միայն պետք է սահմանազատում և սահմանագծում իրականացվի։ Նա նշեց` թուրք-ադրբեջանական միասնությունն ամեն ինչ անում է, որ Սյունիքում միջանցք լինի։
Նշենք` վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները հաճախ են խոսում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության գնալու մասին։
Կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին. Ռոբերտ Քոչարյան
Կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի մեջ նույնիսկ նշված է, որ ՀՀ–ն պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա, սակայն Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը։