ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ:
Նա նշել է, որ Անկախության 30-ամյակը տխուր և անորոշ պայմաններում ենք նշում, 44-օրյա պատերազմի հետևանքով ունեցանք բազմաթիվ զոհեր, գերիներ, վիրավորներ, տարածքային կորուստներ։ Մեր ժողովուրդը հուսախաբության և հուսահատության մեջ է։ Վեհափառի խոսքով՝ 30 տարիները հաղթական էին, իսկ այսօր պարտված ենք։
«Ինչո՞ւ և ինչպե՞ս… Ժողովուրդն այս և բազմաթիվ այլ հարակից հարցերի պատասխանն է սպասում, քննություն և հաշվետվություն է պահանջում՝ համապարփակ ու իրապաշտ մոտեցումով։ Ինքնաքննությունն ու ինքնասրբագրումն առաջին քայլն են Հայաստանը ներկա անորոշ ու անկայուն վիճակից դուրս բերելու։ Արտաքին ճակատից Հայաստանի ափերին վտանգավոր ալիքներ են մոտենում, մութ ամպեր են կուտակվում Հայաստանի երկնքում։ Պետք է լինենք արթուն ու իրատես՝ հստակորեն տեսնելով ու ճիշտ արժևորելով մեր շուրջը տեղի ունեցող տեսանելի ու աներևույթ զարգացումները»,- նշված է Արամ Առաջինի ուղերձում։
Վեհափառը խոսել է Ադրբեջանի ու Թուրքիայի հոխորտանքների և պահանջների մասին։ Նրա կարծիքով՝ հին ու նոր օրերի ցեղասպանների դիմաց Հայաստանը մնացել է միայնակ ու զիջողի դերում։ Շեշտել է՝ Թուրքիայի ձեռքը սեղմելով՝ Հայաստանը մոռացության է տալու Ցեղասպանության ճանաչումը։
«Կանդրադառնա՞նք արդյոք, որ Ադրբեջանի պահանջներին ընթացք տալով՝ Հայաստանը պիտի կտրատվի՝ կորցնելով իր հողային ամբողջականությունը և վտանգելով իր գերիշխանությունը։ Կանդրադառնա՞նք արդյոք, որ Թուրքիայի երկարած ձեռքը սեղմելով՝ մոռացության պիտի դատապարտվի մեր ժողովուրդի հողային պահանջն ու Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաև թուրք-ադրբեջանական օղակի մեջ մնալով՝ պիտի վտանգվի Հայաստանի անկախությունը»,- հարցադրում է արել վեհափառն իր ուղերձում։
Արամ Առաջինը նշել է՝ Հայաստանը ոչ բարեկամ երկրներով է շրջապատված, աշխարհագրական դիրքը փոխել անհնար է, բայց անհրաժեշտ է աշխարհաքաղաքական զարգացումներին համապատասխան դիրքորոշումներ որդեգրել, որոնց առանցքում Հայաստանի գերագույն շահերն ու մեր երկրի ապագան կլինեն։
Նա շեշտել է՝ դիվանագիտության մեջ պետք է լինել ճկուն, այլ ոչ պարտվողական։ Պետք է նաև քաջություն ունենալ` ոչ ասելու այն պայմաններին, որոնք Հայաստանի շահերից չեն բխում։
«Հայաստանը շրջապատող տագնապներն ու մարտահրավերներն իրենց էությամբ համահայկական բնույթ և հետևանք ունեն։ Հետևաբար, չի կարելի և ճիշտ չէ կառավարական ընթացիկ քննարկումներով որոշումներ կայացնել»,- նշված է ուղերձում։
Նա հիշեցնում է՝ դեռ 44-օրյա պատերազմի առաջին օրերին վարչապետին առաջարկել են համազգային խորհրդակցություն անցկացնել՝ միասնաբար սպառնալիքին դիմագրավելու համար։ Առաջարկը հիմա էլ են կրկնում։
«Անկախությունը աստվածատուր պարգև է, և նրա պաշտպանությունը՝ սրբազան առաքելություն։ Հայրենիքի անկախությունը առանցքն է ազգի հզորության և երաշխիքը՝ հավերժության։ Հայաստանի անկախության նշումը մեզ համար պետք է դառնա արթնության կոչ ու ազգային համախմբման մարտահրավեր»։
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը կոչ է արել համախմբել հայրենիքի շուրջն ու հավաքական պատասխանատվությամբ կերտել Հայաստանի պայծառ ապագան։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։