Երկրի առաջին դեմքերը Եռաբլուրում են` հարգելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երկրի առաջին դեմքերն այս պահին Եռաբլուրում են` հարգելու 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը։
Մասնավորապես, Եռաբլուր են այցելել ինչպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, կառավարության այլ անդամներ ևս։ Այնտեղ է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Փաշինյանն Անկախության օրվա հետ կապված հանձնարարական է տվել մարզպետներից մինչև թաղապետներ
Ոստիկանները լրագրողներին չեն թույլատրում առաջ գնալ և շրջել վարչապետի հետ։ Տեղում նաև զոհված զինծառայողների ծնողներ կան։
Հիշեցնենք` Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1991թ. օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում: Այնուհետև խորհրդարանի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե՝ խորհրդային ընտրական օրենսգրքով։
30 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 94․99 տոկոսը, «այո» ասաց անկախությանը։ Արդեն սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ և ինքնիշխան պետություն:
Եթե չես պայքարում մարտահրավերների դեմ, մի օր կկորցնես անկախությունը
Անկախության հանրաքվեի արդյունքները հրապարակել է Բաբկեն Արարքցյանը, ՀՀ անկախության մասին Հայաստանի ԳԽ-ի որոշումն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն առաջինն էլ օրհնել է քաղաքացիների՝ անկախ երկիր ունենալու որոշումը: