ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Անկախության 30-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք անձանց պարգևներ և կոչումներ է շնորհել։
Մասնավորապես, ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանին հետմահու պարգևատրել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող, շարքային Հարություն Հարությունյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:
Բացի այդ, 5-րդ բանակային կորպուսի նորանշանակ հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահը Երախտագիտության մեդալով է պարգևատրել «Անտարեսի» գործադիր մարմնի ղեկավար Արմեն Մարտիրոսյանին, իսկ «Յունիքոմփի» գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանին` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և կամավորականներ պարգևատրվել են հետմահու։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգևատրվել կամավորական Արթուր Գալստյանը, Մարտական ծառայության մեդալով՝ շարքայիններ Վաչագան Հակոբյանը, Սարգիս Դավթյանը, Մանվել Խարդալյանը, ինչպես նաև կամավորականներ Արթուր Հովհաննիսյանը, Արտակ Հաջոյանը, Ներսես Մովսեսյանը և Գարիկ Մուրադյանը։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։