ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Թանկ գնով ձեռք բերված անկախությունը համազգային միասնականությամբ պիտի պաշտպանենք ու պահպանենք՝ հաղթահարելով ներքին ու արտաքին մարտահրավերները, քանզի անկախ պետությունը գոյության ու լինելիության կարևորագույն գրավականն է։ Անկախության 30-ամյակի կապակցությամբ հղած իր ուղերձում նման կարծիք է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը միաբան կամքով, համախումբ և միասնական ընտրեց անկախության վերակերտման ճանապարհը՝ խանդավառությամբ և ոգեշնչումով իրագործելու իր դարավոր իղձն ու երազանքը։ Անցյալ տարի ազգովի ենթարկվեցինք նոր փորձության։ Ադրբեջանը վերստին պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ։ Աղետալի պատերազմի ծանրագույն հետևանքները և ամեն օր նորովի արնահոսող վերքերը բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել մեր ժողովրդի կյանքում»,–ասված է կաթողիկոսի ուղերձում։
Կաթողիկոսը նշել է` մեր սրտերում մեր կորուստների, մեր զոհված նահատակների, գերյալների ու անհետ կորածների խորը ցավն է, ապագայի անորոշության անհանգստությունը, բայց նաև վճռականությունը` ոտքի կանգնելու, թոթափելու մեզ պատուհասած արհավիրքներն ու նեղությունները։
Գարեգին Բ–ն նշում է, որ հայոց եկեղեցին դարերի ընթացքին մշտապես արթուն է պահել անկախության գաղափարը, իսկ Անկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ, սիրո ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է։ Այսօր, ըստ նրա, հաճախ ենք տեսնում անհանդուրժողականության դրսևորում՝ համերաշխության ու երկխոսության փոխարեն։
Կաթողիկոսն իր խոսքն ամփոփել է` ասելով, որ երկրի ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները պահանջում են միասնականություն։
Հիշեցնենք, որ այսօր` սեպտեմբերի 21–ին, ՀՀ–ն նշում է Անկախության 30–ամյա հոբելյանը։
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը (99%) արտահայտվեց անկախ պետականություն կերտելու օգտին։
Քվեարկությանը մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մոտ 95 տոկոսը։ Երկու օր անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհուրդը հաստատեց ԽՍՀՄ կազմից հանրապետության դուրս գալու որոշումը։