ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ստանալը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի տնտեսության զարգացման և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։
Այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեծապես շահագրգռված ենք կոմունիկացիաների բացմամբ, քանի որ դա գնահատում ենք որպես Հայաստանի շրջափակումը հաղթահարելու հնարավորություն, որում, ցավոք, արդեն գտնվում ենք ավելի քան 25 տարի: Հուսով ենք, որ աշխատանքների արդյունքում կոնկրետ որոշումների կհանգենք»,– ասել է Փաշինյանը: Նա նաև շեշտել է, որ այսօր Երևանում անցկացվող հայ–ռուսական գործարար համաժողովը, որին մասնակցության նպատակով Հայաստանում է ՌԴ փոխվարչապետը, լավ առիթ է կողմերի համար քննարկելու նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
«Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար, և հուսով ենք, որ այն կնպաստի ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը Հայաստանում,–ասել է Փաշինյանը,– Իհարկե, մենք մեծապես շահագրգռված ենք, որ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարները լինեն ակտիվ՝ հատկապես հիմա, երբ հետպատերազմական վերականգնման փուլում ենք»:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր խոսքում ևս կարևորել է գործարար համաժողովի անցկացումը` նշելով, որ համաժողովին ներկայացված ողջ գործիքակազմն իրապես կարող է աշխատել Ռուսաստանի ու Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները ցանկալի մակարդակի բարձրացնելու օգտին:
«Ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, դա շատ կարևոր է նաև Եվրասիական տնտեսական միությունում կապերի զարգացման համար»,– ասել է Օվերչուկը:
Հիշեցնենք` այսօր առավոտյան ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, մասնակցել է Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության գործարար առաքելության այցի շրջանակում կազմակերպված «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառմանը:
Նշենք, որ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը համաժողովի տեղեկատվական հովանավորներից է։