ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանյան բիզնեսը պատրաստվում է ընդլայնել շոկոլադի արտահանումը Ուկրաինա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երևանի շոկոլադի գործարանի հիմնադիր Սոս Սահակյանը։
Հայաստանը մեծ ծավալներով շոկոլադ է ներկրում Ուկրաինայից (տարեկան մոտ 5 միլիոն դոլար կամ ներկրման 10 տոկոսից մի փոքր շատ), ինչպես նաև թխվածքաբլիթներ և վաֆլի (տարեկան մոտ 3 միլիոն կամ ներկրման մոտ 15 տոկոսը)։ Սահակյանին պատկանող ընկերություններից մեկը զբաղվում է հրուշակեղենի ներկրմամբ, այդ թվում՝ Ուկրաինայից։ Բայց գործարարը կարծում է, որ Հայաստանն ինքն էլ կարող է շոկոլադ մատակարարել նույնիսկ այդպիսի զարգացած հրուշակագործական արդյունաբերություն ունեցող երկրներին։
«Մոտ երեք տարի առաջ մենք սկսեցինք արտահանել Ուկրաինա, հիմա արդեն ներկայացված ենք Կիևում, Խարկովում և մյուս քաղաքներում, ընդ որում՝ թե՛ տեղական խանութներում, թե՛ առևտրային ցանցերում»,-ասաց նա։
Մրցակցությունն ուկրաինական շուկայում, ինչպես հայտնի է, սուր է․ և՛ սեփական խոշոր արտադրողներ կան, և՛ եվրոպական ապրանքներն են հանրապետություն հասնում նվազեցված մաքատուրքերով կամ առանց դրանց (Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակում)։ Մասնավորապես հարևան Լեհաստանը տարեկան մոտ 70 միլիոն եվրոյի քաղցրավենիք է արտահանում Ուկրաինա։
Նկատենք, որ Լեհաստանը քաղցրավենիք է ներմուծում նաև Հայաստան մեր երկրի չափանիշներով բավականին մեծ ծավալներով․ շոկոլադ՝ տարեկան 2 մլն դոլարից մի փոքր պակաս, այլ քաղցրավենիք՝ 1 միլիոնից մի փոքր շատ։
«Իսկապես դժվար է մրցակցել։ Աշխատում ենք բարձր գնային սեգմենտում, այլապես չենք դիմանա։ Բայց մրցակցությանը պատրաստ ենք։ Շուտով, ի դեպ, ուզում ենք պայմանավորվել նաև Լեհաստան մատակարարելու մասին»,-նշեց Սահակյանը։
Ի դեպ, ԵԱՏՄ-ի անդամակցությունից կարճ ժամանակ անց Ռուսաստանը դարձավ հայկական շոկոլադի խոշորագույն գնորդը (նախաճգնաժամային 2019 թ․-ին ծավալը հասել էր 13 մլն դոլարի)։ Ավանդաբար խոշոր շուկա է (տարեկան միլիոն դոլարից ավելի) մնում նաև Վրաստանը, որտեղ Հայաստանը շոկոլադ և կոնֆետներ է արտահանում ավելի քան 15 տարի, ինչպես նաև ԱՄՆ-ն, որտեղ դրանք վաճառվում են հայկական խանութներում (հիմնականում` Կալիֆոռնիայում)։
Բացի այդ, վերջին տարիներին ավելանում է արտահանումը ԵԱՏՄ-ի այլ երկրներ ևս, ինչպես նաև Իրան։ Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա կանոնավոր արտահանումը այդ երկիր սկսվել է 2017թ․-ին, նախաճգնաժամային 2019թ․-ին հասել է 1,2 միլիոն դոլարի, իսկ 2020թ․-ին կազմել է մոտ 640 հազար։