Մահացել է դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը

Նրա ամուսինը` գրող, թարգմանիչ, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը մահացել էր 2021թ–ի սեպտեմբերի 3-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Մահացել է դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանը։
Անահիտ Կարապետի Թոփչյանը ծնվել է 1947 օգոստոսի 21–ին, Արթիկում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1967-1991 թվականներին աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում` լինելով թատերական բեմադրիչ, դերասան և գեղարվեստական ղեկավար։ Կյանքի վերջին տարիներին զբաղվել է գրական գործունեությամբ։
Մահացել է Ժան Պոլ Բելմոնդոն
1998 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։
Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ.Միյոյի անվան թատրոնում։
Անահիտ Թոփչյանը գրող, թարգմանի, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանի կինն էր։ Նրա ամուսինը մահացել էր 2021թ–ի սեպտեմբերի 3-ին։