ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանն առաջիկայում նախատեսում է ստեղծել հայկական արտադրության ապրանքների լոգիստիկ բաշխման կենտրոններ երեք տարածաշջաններում։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող «Armenian Business Forum–2021» գործարար համաժողովի բացմանն իր ելույթում հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
«Դրանք են` Հյուսիսային Օսիան, Մոսկովյան տարածաշրջանը, որը կծածկի ամբողջ կենտրոնական հատվածը և Եկատերինբուրգը»,– ասաց դեսպանը` հավելելով, որ տարածաշրջանի իշխանությունների հետ այս ուղղությամբ հուշագրեր արդեն ստորագրված են, բիզնեսը պատրաստ է ֆինանսավորել ծրագրերը, ռուսական մասնավոր բանկերից մեկը նույնպես պատրաստակամություն է հայտնել ծրագրում ներդրում անելու։
Տողանյանը հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումը կխթանի հայկական ընկերությունների մասնակցությունը ՌԴ շուկայում։ Միաժամանակ ռուսական այն ընկերությունները, որոնք ցանկություն ունեն ներկայացված լինելու հայկական շուկայում, Տողանյանի խոսքով, նույնպես կարող են օգտնվել այդ ծրագրի ընձեռած հնարավորությունից։
«Իհարկե, հայկական շուկան այնքան էլ մեծ չէ այնպիսի ընկերությունների համար, ինչպիսիք են «Ուրալը», «Յանդեքսը», որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, բայց ԵԱՏՄ–ի ազատ առևտրի հնարավորությունը Իրանի հետ ինչ–որ առումով կարող է խթան հանդիսանալ»,– ասաց դեսպանը։
Տողանյանը տեղեկացրեց, որ «Ուրալը» հետաքրքրված է Հայաստանում հավաքման արտադրության հիմնումով` նպատակ ունենալով հետագայում մեծացնելու իր ներայացվածությունն Իրանում ու Իրաքում։ «Յանդեքսը», ըստ նրա, մտադիր է փորձարկել իր անօդաչու ավտոմեքենաների հնարավորությունները Հայաստանի լեռնային լանդշաֆտում։
«Armenian Business Forum–2021» ռուս-հայկական տնտեսական համաժողովը կազմակերպել է Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի ասոցիացիան, որի հիմնադիրն ու նախագահը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է:
Նշենք, որ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը համաժողովի տեղեկատվական հովանավորներից է։