ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ օդային տարածքով "Turkish Airlines" ավիաընկերության կողմից Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից:
Սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ է կատարել Հայաստանի տարածքով։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրել են, որ սա վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն է, սակայն ստել են. նման չվերթ գրանցվել է նաև մայիսին:
«Թռիչքների իրականացումը կրել և կրում են մշտական բնույթ և դադարեցվել են միայն 44-օրյա պատերազմի ընթացքում՝ պայմանավորված Ադրբեջանի և ՀՀ կողմից օդային տարածքի որոշ հատվածներ փակելու պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ։
Հարցին, թե երբ է Հայաստանի կողմից նման թռիչքների թույլտվություն տրվել, կոմիտեից պատասխանել են, որ միջազգային պահանջների համաձայն` տարանցիկ չվերթեր իրականացնելու համար թույլտվություն չի պահանջվում: Ուստի, Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև հատուկ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։
Փաստորեն, ադրբեջանական ինքնաթիռների համար երկինքը նույնպես բաց է։
Նշենք, սակայն, որ ադրբեջանական ընկերությունները Նախիջևան են թռչում Իրանի տարածքով։ Ու բազմաթիվ թուրքական ընկերություններ նախընտրում են շրջանցել Հայաստանի տարածքն ու Ադրբեջան են մեկնում Վրաստանի տարածքով։
Ի դեպ, Թուրքիան այժմ հրաժարվում է իր օդային տարածքը տրամադրել հայկական ավիաընկերություններին։