ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. "Արևիկ" ազգային պարկի տարածքում սեպտեմբերի 15–ին բռնկված հրդեհը շարունակվում է։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, այսօր հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով "Արևիկ" ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 79 փրկարար ծառայող և "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ "Արևիկ" ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Մթության և ճանապարհի դժվարանցանելիության պատճառով ընթացքը ժամանակավորապես դադարեցվել է․ "Արևիկ" ազգային պարկի 5 աշխատակից տեղում իրականացրել է հերթապահություն։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 07։25-ին "Արևիկ" ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ "Արևիկ" ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ։
Սեպտեմբերի 17-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով "Արևիկ" ազգային պարկի տարածք են մեկնել 32 փրկարար ծառայող, "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 25 աշխատակից և "Մեղրու ՃՇՇՁ" ՍՊԸ-ի 10 աշխատակից։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 30 և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության 24 փրկարար ծառայող։
Այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ:
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։
Սեպտեմբերի 18-ին "Արևիկ" ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 86 փրկարար ծառայող և "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։
Ժամը 18։45-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ "Զանգեզուր" կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։