Պատերազմն ի ցույց դրեց փոփոխվող աշխարհը. ՀՀ նախագահը Ֆրանսիայում խոսել է 44–օրյայից

Արմեն Սարգսյանը միջազգային գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Արցախի պատմությունն ու հակամարտության ծագման պատճառները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիայում ընթացող Մտքերի գագաթնաժողովում ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր խոսել է 2020թ–ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ հայկական Արցախում, հայերը պատմականորեն ապրել են հազարավոր տարիներ։

«Եթե գնաք Ղարաբաղ` կգտնեք 4-րդ, 5-րդ դարի եկեղեցիներ,- ասել է նախագահը,– հայերը առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Մենք, մեղմ ասած, ոչ հաճելի պատմություն ունենք այդ հուշարձանների ճակատագրի հետ կապված։ Եվ այսօր մենք դիմում ենք միջազգային հանրությանը, ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ մտահոգ այդ կրոնական, մշակութային հուշարձանների ճակատագրով»։

Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովի մասնակիցներին մանրամասն ներկայացրել է Արցախի պատմությունն ու հակամարտության ծագման պատճառները, թե ինչպես է ԽՍՀՄ կուսակցական ղեկավարությունը 20-րդ դարասկզբին Հայաստանին պատմականորեն պատկանող տարածքը տվել Ադրբեջանին։
Հայաստանի նախագահը նշել է, որ խորհրդային ավելի քան 70 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մշտապես ձգտել է ազատության և անկախության, 1991-ին հռչակել այն, իսկ 1994֊ին հաղթել Ադրբեջանի հրահրած ղարաբաղյան առաջին պատերազմում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Ֆրանսիայում կայացած Մտքերի գագաթնաժողովում
Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ արցախյան հակամարտության կարգավորման նպատակով միջազգային հանրության ջանքերով ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Խոսելով 2020-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած նոր պատերազմի մասին` նախագահ Սարգսյանը շեշտել է, որ սա բոլորովին այլ պատերազմ էր։ Ադրբեջանն ուներ մեծ առավելություն. գազատարներ ու նավթատարներ, ահռելի ներդրումներ ռազմական ոլորտում, ինչպես նաև Թուրքիայի ամբողջական ներգրավվածություն պատերազմին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Ֆրանսիայում կայացած Մտքերի գագաթնաժողովում
«Այստեղ նոր իրավիճակ էր, երբ համանախագահները ոչինչ չէին կարող անել։ Այս պատերազմը ի ցույց դրեց փոփոխվող աշխարհը»,– ասել է Հայաստանի նախագահը։
Նշելով, որ Հայաստանը խիզախորեն 44 օր պայքարել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է ոտքի կանգնել և շարունակել ամրանալ։
«Այս աշխարհը շարունակում է փոխվել, և մենք պետք է ուժեղ պետություն կառուցենք, որը պետք է հիմնված լինի աշխարհաքաղաքականության փոփոխությունը հասկանալու վրա», -նշել է նա։
Նախագահ Սարգսյանը համավարակը նույնպես համարել է փոփոխվող աշխարհի հետևանքը։
«Աշխարհը չի փոխվել կորոնավիրուսի պատճառով, աշխարհը փոփոխությունների գործընթացում էր, այդ պատճառով կորոնավիրուսը տեղի ունեցավ այնպես, ինչպես եղավ: Նույն վիրուսը տարիներ առաջ այլ կերպ էր դրսևորվում, սակայն հիմա մենք խիստ փոխկապակցված ենք։ Կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այլ հետևանքը, դրա արագացուցիչը»,–ասել է Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Ֆրանսիայում կայացած Մտքերի գագաթնաժողովում
Ավարտելով խոսքը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ շատ ուրախ կլինի օգտագործել այս հնարավորությունը` հրավիրելու բոլորին Դիլիջանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողովին», որտեղ փորձելու են ոչ միայն նախանշել խնդիրները, այլև խոսել հնարավոր լուծումները գտնելու մասին:
Դիլիջանում Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովը նախանշված է հաջորդ ամիս՝ հոկտեմբերի 23-24-ը: