ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում` Ազնավուրի հրապարակում։
Ոստիկանները քիչ առաջ բերման են ենթարկել Անկախության 30-ամյա տարեդարձի միջոցառման դեմ բողոքող քաղաքացիներին։
Բերման ենթարկվածների թվում է նաև հայտնի Telegram ալիքի հեղինակ Միկա Բադալանը։ Իր բերման ենթարկվելու տեսանյութը նա հրապարակել է Telegram –ում` գրելով, որ ոստիկաններն իրեն «տանում են ձեռքերի վրա»։
Նշենք, որ այսօր կեսօրից Ազնավուրի հրապարակում քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով չեղարկել Անկախության տոնի միջոցառումները։
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ որքան էլ իրենց բերման ենթարկեն, իրենք փողոցը չեն լքելու ու շարունակելու են պայքարել։
Հավաքվածներն ամոթանք են տալիս ոստիկաններին ու վանկարկում` «ենիչեր, թուրք»:
Այս պահին Աբովյան փողոցում` «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում, մեծ թվով ոստիկաններ և կարմիր բերետավորներ կան:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ անկախության 30-ամյակը սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի, Հանրապետության հրապարակում կլինի մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն, որը նվիրած կլինի նաև զոհերի հիշատակին։
Այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ սկսեցին` պահանջելով չեղարկել համերգը։
Այնուհետև Փաշինյանն ԱԺ ամբիոնից ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել է «գունագեղ միջոցառում` զոհերի հիշատակին» արտահայտությամբ։