ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Այսօր` սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղում տեղի է ունեցել ամենամյա գաթայի փառատոնը։ Արենիի համայնքապետարանից հայտնում են, որ փառատոնի ընթացքում տեղի է ունեցել ամենամեծ և ռեկորդային չափեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ և հյուրասիրություն։
Գաթայի ավանդական դարձած փառատոնին ամեն տարի թխվող հայկական գաթան էլ ավելի է մեծանում։ 2017թ.-ին այն գրանցվել է Դյուցազնագրքում, ու հետագայում դրա տրամագիծը տարեցտարի մեծացել է։
Փառատոնի շրջանակներում հյուրերի համար անցկացվում են նաև տարատեսակ վարպետաց դասեր:
Այս ամենն ուղեկցվում է ավանդական հայկական երգ ու պարով։ Այս տարին ևս բացառություն չի եղել։
Փառատոնին մասնակցել են Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, համայնքի բնակիչները, բարձրաստիճան զինվորականներ ու Խաչիկ այցելած բազմաթիվ զբոսաշրջիկներ։