ՌԱԴԻՈ

Գորիս–Կապան ճանապարհին տեղի ունեցածն Իրանում համարում են և՛ հակահայկական, և՛ հակաիրանական

Իրանագետ Գարիկ Միսակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է Իրանն արձագանքել ՀՀ Սյունիքի մարզում Գորիս–Կապան ճանապարհի խափանմանն ու ադրբեջանցիների կողմից իրանցի վարորդներից մաքսավճար գանձելուն։
Sputnik
Իրանական ընդհանուր լրատվադաշտում և քաղաքական տարբեր շրջանակներում միանշանակ բացասական արձագանքի է արժանացել Ադրբեջանի գործողությունները Գորիս–Կապան ճանապարհին։ Հատկասպես ազգայնական և ռազմական թևի ներկայացուցիչները միջադեպը բավականին «թունդ» վերնագրերով գնահատել են ավելի շուտ հակաիրանական, քան հակահայկական։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացում այս մասին ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը։
«Այդ առթիվ պետք է վկայակոչել նաև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի հավասարակշռված հայտարարությունը, որն առնչվում էր հենց իրանական բեռնատարների ստուգումներին։ Հայտարարության համաձայն` Իրանը, չնայած վերոհիշյալ խնդրին, փորձում է օգտագործել իր հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ»,– նշեց իրանագետը։
Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին
Միսակյանի փոխանցմամբ` իրանական կողմն, այդուհանդերձ, իր պաշտոնական բոլոր քաղաքական հայտարարությունները բխեցնում է կողմերի պաշտոնական դիրքորոշումներից։
Հայկական կողմից գործնականում բացակայում են հայտարարություններն ամենաբարձր մակարդակով, հետևաբար, տեղին չէ սպասել, որ Իրանը պրոհայկական կամ հակաադրբեջանական կոշտ դիրքորոշում կարտահայտի այդ կապակցությամբ։

Իրանագետի խոսքով` Թեհրանը փորձելու է Գորիս–Կապան ճանապարհին առաջացած խնդիրները լուծել Հայաստանի հետ համատեղ աշխատանքով, լինի թե՛ նոր ճանապարհի կառուցման, թե՛ գործող ճանապարհին առաջացած խնդիրները կարգավորելու տեսքով և դա, ըստ նրա, ավելի շատ կախված է լինելու ՀՀ իշխանությունների քայլերից, քան իրանական կողմի գործողություններից։

Խնդիրը Հայաստանի տարածքում է, և եթե մեր իշխանությունները որոշել են ճանապարհի առանձին հատվածները թողնել Ադրբեջանին, ապա Իրանն այստեղ անզոր է։
Միսակյանի կարծիքով` Իրանի համար, անշուշտ, ՀՀ տարածքով տարանցիկ ուղին շատ ձեռնտու է, բայց թե որքանով Իրանը կկարողանա ներգրավվել տվյալ գործընթացում, կախված է Հայաստանի կոնկրետ քայլերից ու Իրանի հետ համագործակցությունից։
Ըստ նրա` եթե մեր իշխանությունը լեգիտիմացնում է ադրբեջանցիների գործողությունները, ապա իրանցիների գործիքակազմն այդ առումով պարզապես զրոյանում է։
Հիշեցնենք` Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները շարունակական դիտավորյալ արարքներով խախտում են մարդկանց իրավունքները:
Նրանք իրանցի վարորդներից 130 դոլար գումար են գանձում «Ադրբեջանի տարածքով» անցնելու համար։