ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ստուգվել են եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված պահեստազորայինների սոցիալ-կենցաղային պայմանները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
ԶՈւ գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը սեպտեմբերի 14-ից 17-ը շրջայց է կատարել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներում ընդգրկված զորամասեր ու ռազմական ոստիկանության հենակետեր։
«Մարտական դիրքերում առանձնակի ուշադրություն է դարձվել անձնակազմի հանդերձավորմանը և սոցիալ-կենցաղային պայմաններին, զենք-զինամթերքի պահպանությանը, անվտանգության կանոնների պահպանմանը, ինչպես նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացվում են պահեստազորի եռամսյա վարժական հավաքներ։