ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում:
«Պատիվ ունեմ»–ը հիշեցնում է, որ արցախյան վերջին պատերազմի հետևանքով զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին, շատերը կարիք ունեն որակյալ բժշկական օգնության, կան տասնյակ հազարավոր տեղահանվածներ, ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Այս ամենը հաշվի առնելով, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարներն ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ պետական ապարատի բոլոր աշխատակիցներն Անկախության օրվա առիթով պարգևավճար են ստացել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարից, և այն կա՛մ կվերադարձնեն ՀՀ պետական բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ մարզերում կիրականացնեն որևէ ծրագիր։
Նա նաև հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը ծրագրում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու առանց չափորոշիչների պարգևավճարների օրինականությունը։