ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Արցախում իրանական անձնագրերով ադրբեջանցիների առկայության մասին լուրը։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Արցախյան և հայաստանյան լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, որ Արցախում իրականացվող շինարարական աշխատանքներին ներգրավվել են իրանական անձնագրերով անձինք, որոնք կարող են ադրբեջանցիներ լինել։ Իրազեկում ենք, որ հիշյալ կասկածները իրականությանը չեն համապատասխանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, ԱԱԾ–ն հայտնում է նաև, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օտարերկրյա քաղաքացիները ներգրավվել ու շարունակում են մասնակցել Արցախում իրականացվող մասնագիտական և ոչ մասնագիտական տարբեր աշխատանքների, այդ թվում շինարարական, ինչն անտրամաբանական է որպես արտասովոր երևույթ ներկայացնելը։
Կառույցից վստահեցնում են, որ նմանատիպ յուրաքանչյուր դեպքում հայաստանյան գործընկերների հետ իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ։
Նշենք, որ իրանական անձնագրերով անձանց մասին այսօր գրել էր «Հրապարակ» թերթը։ Աստղաշենի համայնքապետ Արթուր Գրիգորյանը թերթի հետ զրույցում հաստատել էր, որ իրենց համայնքում ընթացող բնակարանաշինության աշխատանքներին օտարերկրացիներ են մասնակցում: Հարցին, թե կասկածներ կան, որ իրանական անձնագրերով Արցախ տեղափոխված ադրբեջանցիներ են, ասել է․
«Հարցրեք կառուցապատող ընկերությանը, կառավարությանը, իրենք թող էդ բոլոր հարցերին պատասխանեն։ Ես նման իրավասություն չունեմ»։
Թերթին չէր հաջողվել կապ հաստատել Արցախի քաղշիննախարարի և նախագահի մամուլի խոսնակի հետ։
Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նույնպես հերքել էր այս լուրը։