ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Արցախի սահմանում ադրբեջանական զինուժն այսօր կրակ է բացել. հայկական կողմն ունի մեկ վիրավոր։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից։
«Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս` օգոստոսի 9-ին, Արցախի Մխիթարաշեն գյուղի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականների գնդակոծության հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա էր վնասվել։
Արցախի պաշտպանության բանակը հայտնել էր` հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր և վիրավորներ չուներ։