ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը Facebook-ում գրառում է արել՝ վստահեցնելով, որ գնալու է Սարգսյանի մասին ակնհայտ միտումնավորությամբ տարածվող ստերի հետևից։
Պաշտպանը անդրադարձել է լրատվամիջոցներում առկա տեղեկություններին, որ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ` ապրիլի 5-ին, մեկնել է Բադեն-Բադեն քաղաք։ Քաղաքը հայտնի է իր խաղատներով։
Երրորդ նախագահի պաշտպանը հրապարակել է նրա պաշտոնական այցի ծրագրից հատվածներ, համաձայն որոնց` Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանումով։
«Սույն փաստն ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։ Հետևաբար Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է», - գրել է պաշտպանը։
Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի տրամադրված տեղեկանքին, ապա այն, ըստ Մակինյանի, կա՛մ միտումնավոր կերպով, կա՛մ անփութության հետևանքով ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի օգոստոսի 25-ի նիստին "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով նախկին իշխանությունների կողմից կոռուպցիոն դրսևորումներին, հիշատակեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պնդելով, թե վերջինս 100 մլն դոլար է տանուլ տվել Բադեն-Բադեն քաղաքում գտնվող խաղատանը։
«Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավելի կազինոներում կրվել ա նույն Բադեն-Բադենում» - ասաց Սուքիասյանը։
Նշենք նաև, որ 2021-ի արտահերթ ընտրություններից առաջ, սակայն, Սերժ Սարգսյանը բացարձակ չէր հերքել իր՝ Բադեն-Բադեն քաղաքում լինելը, ուղղակի նշել էր, որ այն առողջարանային և մշակութային քաղաք է, ինքն էլ շրջանցել է այն փողոցները, որտեղ խաղատներ կան։