Սահմանին լրագրողների տեսանկարահանման արգելքը վիճարկելու հարցով ՄԻՊ–ը դիմել է ՍԴ

Դիմումով վիճարկվում են նաև սահմանին բնակվող քաղաքացիների համար նախատեսված սահմանափակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով։ Այս մասին նա գրել է Facebook-ում։
Թաթոյանը նշում է, որ սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար: Դիմումով վիճարկվում են նաև քաղաքացիների համար նախատեսված այլ սահմանափակումներ (սահմանային շերտի տարածքում արածեցնել կենդանիներին, մոտենալ անմիջապես սահմանագծին, շփվել սահմանապահ վերակարգերի հետ և այլն):
"Դիմումով միջնորդել եմ կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաև առաջնահերթություն տալ գործի քննությանը: Խոսքը վերաբերում է "Պետական սահմանի մասին" ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաև վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին", - գրել է Թաթոյանը։
ՌԱԴԻՈ
Գնում ենք մարզպետարան, որ մեր խնդիրները լուծեն. Ավետյանը դուրս է եկել ոստիկանությունից
Նրա խոսքով՝ օրենքի կարգավորումների հետևանքով ստացվել է այնպես, որ սահմանային շերտում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց առօրյայում, օրինակ՝ տանը խնջույքի կամ որևէ այլ արարողության ժամանակ, ցանկացած տեսակի ոգելից խմիչք օգտագործելու կամ հենց սեփական տանը կամ տան բակում լուսանկարվելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության:
Մեկ այլ օրինակով՝ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները ստիպված են շփվել իրենց բնակավայրերի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ, ինչը, գործող կարգավորումներով, նույնպես մարդուն պատասխանատվության ենթարկելու հիմք է: Գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսված նաև ադրբեջանական ծառայողների հետ շփումների համար, ինչը նույնպես պատերազմից հետո դարձել է անխուսափելի։
ՄԻՊ-ի տեսանկյունից մեկ այլ խնդիր է այն, որ սահմանափակումների հետևանքով օմբուդսմանը չի կարողանում իր մանդատի ամբողջ ծավալով իրականացնել իր աշխատանքը, քանի որ սահմանային շերտում բնակվող քաղաքացիների բողոքների, ահազանգերի հիման վրա փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս արգելվում է տեսալուսանկարահանում իրականացնելն առանց համապատասխան թույլտվության։
Դա շատ հեշտ չէ, Ադրբեջանը նոր խնդիրներ է ստեղծում. Քերոբյանը` Գորիս–Կապան ճանապարհի մասին
Խտրական է մոտեցումը նաև ՀՀ լրագրողների նկատմամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչ չափանիշների դեպքում է հնարավոր ստանալ լուսանկարահանում իրականացնելու թույլտվություն։ Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են բախվում խնդիրների: Արձանագրվել են նաև տարբերակված մոտեցումներ՝ կապված միջազգային լրագրողների հետ: Ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարևոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի միջազգային լուսաբանման հարցում՝ պետք է, սակայն, հստակ արձանագրել, որ միայն միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է ՀՀ-ում գործող լրատվամիջոցների նկատմամբ։ Առավել ևս, ՀՀ լրատվամիջոցները չունեն հստակ պատկերացում, օրինակ, իրենք ու՞մ պետք է դիմեն, ի՞նչ կարգով ու ինչպե՞ս ստանան թույլտվություն:

"Բայց չպետք է մոռանալ, որ լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում ունի իրավապաշտպան, խախտումները կանխարգելող նշանակություն։ Դա արդիական է հատկապես հիմա և վերաբերում է նաև ՀՀ պետական սահմանին", - ասված է գրառման մեջ։

Թաթոյանի խոսքով՝ Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Սահմանադրական օրենքի ուժով "Պետական սահմանի մասին" ՀՀ օրենքի կարգավորումները չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա, քանի որ ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ։ Մյուս սահմանափակումների մասով էլ հիմնարար է, որ օրենքը պետք է համապատասխանի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին։
ՍԴ ուղարկված դիմումում հիմնավորված է, որ առկա սահմանափակումները հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու և պաշտպանի աջակցությունը ստանալու սահմանադրական իրավունքներին պետության անհամաչափ միջամտության, ինչպես նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների ոտնահարման: