Կաթնամթերք արտադրողները ստիպված կլինեն գնորդին ճշմարտությունն ասել

Կառավարությունն առաջարկում է նաև տուգանել սպառողներին մոլորեցնող անբարեխիղճ արտադրողներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Կաթնային ճարպի (յուղի) փոխարինիչով արտադրված կաթնամթերքն առևտրի կետերում կդրվի բնական յուղով արտադրված կաթնամթերքից առանձին, արտադրողն էլ պարտավոր կլինի տեսանելի տեղում ու ընթեռնելի գրել, որ կաթնամթերքում յուղի փոխարինիչ է կիրառել։
Կաթնամթերքի շուկայում խախտումները բազմաթիվ են և բազմաբնույթ. ՍԱՏՄ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց "Առևտրի և ծառայությունների մասին" օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Նույն նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև "Վարչական իրավախախտումների վերաբերյալ" ՀՀ օրենսգրքում։ Դրանց համաձայն` անբարեխիղճ արտադրողն առաջին անգամ կստանա նախազգուշացում, իսկ մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելիս` յուրաքանչյուր անգամ 30 000 դրամ տուգանք։

Կառավարությունը ներկայացված նախագծին ընդունեց առանց քննարկման ու զեկուցման։ Այն առաջիկայում կներկայացվի նաև խորհրդարանի քննարկմանը։

Հիշեցնենք` կաթնամթերքի արտադրության մեջ փոխարինիչների կիրառման ու սպառողներին մոլորեցնելու տարածված մեխանիզմի մասին ՀՀ վարչապետը խոսել էր դեռ 2021թ–ի հունվարի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստում` հանձնարարելով համապատասխան քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով։