Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի խոշորացման գործընթացը որևէ բնակավայրի չի վնասի, հակառակը` այդ բնակավայերը շենացնելու, զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գալոյանը։
Եթե ԱԺ-ն հավանություն տա կառավարության որոշմանը, ապա Գեղամասարը, Վարդենիսը և ևս 12 հարակից բնակավայրեր կմիավորվեն մեկ շրջանի մեջ։ Արդյունքում Վարդենիսի շրջանը կունենա 47 գյուղական բնակավայր։ Գալոյանը վստահ է, որ այստեղ որևէ դժվարություն չկա, հակառակը`փոքր գյուղական բնակավայրերն առանձին կառավարելն է լուրջ խնդիր առաջացնում։
«Նման համայնքներ էլի ունենք, օրինակ`Կապանը, Սիսիանը 36 բնակավայր ունեն։ Ոչինչ չի խանգարում այդ բնակավայրերը ուժեղացնելուն։ Կառավարման մոդելն այնպիսին է, որ որևէ դժվարություն չկա։ Ինչքան մեծ, խոշոր, այնքան ուժեղ։ Առանձին խմբերով բնակավայրերի կարողությունները շատ թույլ են»,-հավաստիացրեց Գալոյանը։
Կառավարությունում չեն հասկանում, թե ինչու են բնակիչներն ընդվզում։ Գալոյանը հիշում է` 2017-ին էլ Գեղամասարի բնակավայրերի միավորման դեմ էին բողոքում, փողոց փակում։ Ի վերջո իրենց նպատակին հասան. որոշ համայնքներ չներառվեցին խոշորացված համայնքի կազմում։ Թե ինչ կլինի այս անգամ`պաշտոնյան դժվարանում է կանխատեսել։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։
Ցույցին ներկա էր նաև Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, որի խոսքով ժողովուրդը դեմ է խոշորացմանը, բայց հաշվի չեն առնում բնակիչների կարծիքը։
Նա հայտնել էր, որ դիմել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին, բայց ոչ մի արձագանք չկա։