ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն Դուշանբեում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նշենք, որ այցն աշխատանքային է. Տաջիկստանում Միրզոյանը կմասնակցի ՀԱՊԿ համատեղ նիստերին։
Միրզոյանը Դուշանբե պետք է մեկներ դեռ սեպտեմբերի 15-ին, սակայն չէր կարողացել օդանավի անսարք լինելու պատճառով։
Տաջիկստանի մայրաքաղաքում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցում է արտգործնախարարների, պաշտպանության նախարարների, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերին։
Նախատեսվում է անցկացնել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողով։ Նշենք, որ գագաթնաժողովի արդյունքում ՀԱՊԿ նախագահությունը կանցնի Հայաստանին։
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։