ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը ոչ միայն կայուն չէ, այլև ռիսկեր է պարունակում տարածաշրջանի երկրների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ։
«Ինչպես արդեն նշվել է, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և անդամ պետությունների արտաքին սահմաններում առկա իրավիճակը ոչ միայն կայուն չէ, այլև նոր իսկապես սուր մարտահրավերներ և ռիսկեր է պարունակում մեր երկրների անվտանգության համար», – ասել է նա։
Նա նշել է, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զորքերի, մեղմ ասած, հապճեպ դուրսբերումից և թալիբների շարժման ("Թալիբան" շարժումը ահաբեկչական է ճանաչվել և արգելված է ՌԴ–ում) իշխանության գալուց հետո ստեղծված իրավիճակի մասին ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովի մասնակից առաջնորդները կարծիքներ են փոխանակել այդ երկրում իրավիճակի կտրուկ փոփոխման հետ կապված վտանգների մասին։
«Բոլորն համաձայնեցին այն եզրահանգման հետ, որ ներկա իրավիճակում, ինչպես երբևէ, պահանջվում է ամենասերտ համակարգումն ու ՀԱՊԿ անդամ պետությունների համախմբվածությունը», – ասել է Պուտինը։
Պուտինը հանդիպմանը մասնակցում է տեսակապի միջոցով, քանի որ ինքնամեկուսացման ռեժիմում է գտնվում։