ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 764-ով և դարձել 251 323: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 մարդ , կատարվել է 1 633 587 թեստավորում (+6049), առողջացել են վարակվածներից 234 416-ը (+506): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 5075 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2–ով և դարձել 11831։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։