ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար կառավարության մոտից մի անձ է ոստիկանություն տարվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Տղամարդը ոստիկանություն է բերվել վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով ` ոստիկանի պահանջը չկատարելու համար»,–ասացին ոստիկանությունից։
Նշենք, որ News.am-ն էլ հրապարակել է տեսանյութ և հայտնել` բերման է ենթարկվել զոհված զինծառայողներից մեկի հարազատը։
Տեսանյութում երևում է, որ տղամարդը կանգնած է կառավարության առջև և ձեռքին մի պաստառ կա, որի վրա ռուսերենով գրված է. «Պահանջում ենք չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը։ Հարգեք սուգը»:
Հիշեցնենք` կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը։ Հանրապետության հրապարակում, նրա խոսքով, լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն` նվիրված նաև զոհերի հիշատակին։
Սա քննարկման առարկա էր դարձել սոցցանցերում, իսկ զոհվածների հարազատները ֆլեշմոբ էին սկսել` պահանջելով չեղարկել միջոցառումը։