ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. «Մտքերի հայկական գագաթնաժողովը» ՌԴ–ում անցկացնելու հարցն են քննարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքից։
Սարգսյանը նշել է, որ գալիք տարի Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, իսկ այս տարի հոկտեմբերին Դիլիջանում անցկացվելու է «Մտքերի հայկական գագաթնաժողովը»։
«Հայաստանում առաջիկայում նախատեսված բոլոր միջոցառումներին և քննարկումներին ակնկալվում է նաև ռուսաստանցի գործընկերների ակտիվ ներգրավվածությունը, որոնցից շատերի հետ արդեն իսկ արդյունավետ գործակցություն է ձևավորվել»,–ասել է Սարգսյանը։
ՀՀ նախագահն ու Շվիդկոյն անդրադարձել են մշակութային, գիտակրթական ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաև նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նույնպես ընդունել էր Միխայիլ Շվիդկոյին։