ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չի համարում։ Այս հայտարարությունն արել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունները» թեմայով համաժողովից հետո։
«Ուզում եմ ընդգծել և արդեն մի քանի անգամ ասել եմ` մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված է։ Մենք երկու երկրի միջև հարցերի համապարփակ լուծման անհրաժեշտություն ենք տեսնում, որի համար պետք է ընթանան բանակցություններ, և դա շատ կարևոր ճանապարհ է՝ լուծելու ծագող տարբեր լարվածությունները, որ հատկապես տեսնում ենք սահմանամերձ շրջաններում։ Ամերիկյան կողմի դիրքորոշումն այն է, որ Մինսկի խմբի օրակարգում մնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը», – ասել է դեսպանը։
Թրեյսին նաև պատասխանել է Սյունիքի մարզում ադրբեջանցիների ներկայությանը։
«Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո։ Այդ առումով մենք միշտ շեշտել ենք, որ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է կարողանան հասնել երկարատև խաղաղության», – ասել է Թրեյսին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում։
Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։
Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Միջպետական ճանապարհը վերաբացվեց բանակցությունների արդյունքում։ 44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և այդ տարածքում ռուս սահմանապահներ են տեղակայվել։