"Մահն էլ խաղաղություն է". Կիրո Մանոյանը Փաշինյանի` խաղաղության դարաշրջան բացելու մասին

Կիրո Մանոյանը վստահեցնում է` Թուրքիան Հայաստանի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը չի փոխել։ Ավելին, ըստ Թուրքիայի` Հայաստանն անցյալի հարցերը պետք է մի կողմ դնի` Ցեղասպանության հարցը չպետք է միջազգային ատյաններում արծարծվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հայ-թուրքական հարաբերություններում դրական փոփոխությունների գնալու առնչությամբ վերջին շրջանում 2 երկրների առաջին դեմքերի մակարդակով որոշակի հայտարարություններ եղան։ Նախ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դրական ազդակներ է տեսնում Թուրքիայից, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ հայտարարեց, որ պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման։ Թուրքիան իսկապես պատրա՞ստ է Հայաստանի հետ բարեկամանալուն, ինչի՞ մասին է խոսում Թուրքիայի ու մեր իշխանությունների վարած քաղաքականությունը` այս ու այլ հարցերի մասին Sputnik Արմենիան զրուցել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ։

ՀՅԴ Հայ դատի գրասենյակ` Արցախում

Օրերս Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենյակ է բացվել։ Արցախի հիմնահարցի կարգավորման այս փուլում, ըստ Մանոյանի, անհրաժեշտ է համարվել, որ Արցախում լինի Հայ դատի կառույցներից մեկը։ Այն հնարավորություն կունենա Արցախի հարցի կարգավորման խնդիրներով զբաղվել այն ձևով, ինչպես ՀՅԴ–ն գուցե չկարողանար։ Բացի այդ, Մանոյանի խոսքով, Արցախի ԱԳՆ–ն այսօր արտաքին աշխարհի հետ հարաբերությունները զարգացնելու աջակցության կարիք ունի, և գրասենյակը կաջակցի այդ հարցում։
Պատմական չվերթ Բաքվի համար. Թուրքիան փակում է իր օդային սահմանը ՀՀ–ի համար, Հայաստանը` ոչ
«Դրսի Հայ դատի կառույցներին Արցախի մասին անհրաժեշտ են տեղեկություններ, որոնք միայն այնտեղ գտնվողը կիմանա։ Բացի այդ, արտասահմանից քաղաքական դեմքերի, լրագրողների այցերի առումով խոչընդոտներ կան, ինչը նույնպես կփորձենք մենք հարթել։ Պետք է »,–ասաց Մանոյանը` մանրամասնելով նորաբաց գրասենյակի դերը։
Սակայն, ըստ նրա, առաջին հերթին Արցախում Հայ դատի գրասենյակի բացումը պատգամ է թշնամուն, միջազգային հանրությանը և մեր հասարակությանը, որ ընկճված չեն և շարունակելու են պայքարը։

Թուրքիայի հետ կարո՞ղ ենք բարեկամանալ

Կիրո Մանոյանը կարծում է, որ հնարավոր չէ բարեկամանալ մի երկրի հետ, որն իր անցյալը չի ճանաչում։ Բացի այդ, Թուրքիան թշնամական վերաբերմունք է որդեգրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի նկատմամբ։ Սրա վառ օրինակը պատերազմում Թուրքիայի բացահայտ մասնակցությունն էր։ Ավելին, Մանոյանը վստահեցնում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը չի փոխվել նաև պատերազմից հետո։
Նա նշում է` բոլորս էլ Թուրքիայի վերաբերմունքը տեսնում ենք, սակայն այլ հարց է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական ազդակներ է տեսնում այդտեղ. գուցե Փաշինյանն ու Էրդողանը որոշել են` ով ինչ պետք է ասի։
Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանաբար կարգավորմանը. Էրդողան
«Փաշինյանի պահվածքը ոչ թե անհասկանալի է, այլ հաստատում է, որ նախապես ծրագրված առաքելություն ուներ նա, այն է` կոտրել Արցախի, Հայաստանի և հայ ազգի մեջքը»,–ասում է Մանոյանը։
Նա նշում է նաև, որ չենք տեսել Թուրքիայի որևէ հարևան երկիր, որի հետ Թուրքիան ունեցել է «լավ» հարաբերություններ և վերջում այդ երկիրը բարեկեցիկ կյանք է ունեցել` օրինակ, Վրաստանը, Սիրիան: Այս առումով, ըստ նրա, Փաշինյանի վարած քաղաքականությունը սպառնում է մեր պետականության գոյությանը։

Խաղաղության դարաշրջան սկսելու մասին

Մանոյանը հիշեցնում է` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե խաղաղության դարաշրջան է բացելու. մահն էլ խաղաղություն է։
«Ես չեմ մահացել, բայց ենթադրում եմ, որ մահվան մեջ շատ խաղաղ կլինի ամեն ինչ։ Թուրքիան 30 տարի է` նույն բանն է կրկնում, այսինքն` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսելու համար նախապայմաններ է դնում։ Օրինակ, հիմա էլ ասում է, որ Արցախը, այսինքն` Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է»,–ասում է Մանոյանը և հավելում` ըստ Թուրքիայի` Հայաստանն անցյալի հարցերը պետք է մի կողմ դնի, այսինքն` Ցեղասպանության հարցը չպետք է միջազգային ատյաններում արծարծվի։
Թուրք–ադրբեջանական զորավարժությունները` ուժի նոր կենտրոնի ստեղծում. ինչ պիտի անի Հայաստանը
Մանոյանը նկատում է` պատերազմից հետո Թուրքիայի քաղաքական մտածողությունը չի փոխվել, ավելի ինքնավստահ են դարձել, և նրանց քաղաքական մտածողության մեջ հայկական անկախ պետականություն չկա։ Նրա խոսքով` Թուրքիան, դժբախտաբար, առանց մեծ ճիգի, փորձում է ՀՀ–ն կախյալ դարձնել իրենից։ Այս ամենի հետևանքը, ըստ նրա, այն է, որ հայ ժողովուրդը երկու այլընտրանք ունի այժմ` ընկճվի և մնա այստեղ, կամ էլ արտագաղթի. ամենավատն այն է, որ մարդիկ հայությունից են հեռանում նաև Սփյուռքում։ Սա, Մանոյանի գնահատմամբ, Փաշինյանի ամենամեծ հանցագործությունն է, որն իր կարծիքով ժողովուրդը երկար չի հանդուրժի։

Ցեղասպանության ճանաչման համար արված քայլերը «ջո՞ւրն են ընկնում»

Մանոյանի խոսքով` Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար արվածն արդեն արված է։ Սակայն այստեղ կա մեկ այլ հարց` Ցեղասպանության ճանաչումը երբեք ինքնանպատակ չի եղել, կարևոր է հատուցումը։ Մանոյանը հայտնում է, որ երբ իշխանության եկան ներկայիս ղեկավարները, չհամաձայնեցին ՀՅԴ–ի այն առաջարկի հետ, որ պետք է Արցախի անկախության ճանաչման և Ցեղասպանության հատուցման հարցերի ուղղությամբ աշխատանքներ տարվեն։
ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա
«Չի բացառվում, որ Փաշինյանն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնա այնպիսի քայլերի, որոնք կհարվածեն հայկական շահերին և մեր իրավունքների պաշտպանությանն առաջիկա տասնամյակներում։ Այս ամենը, սակայն, չի նշանակում, որ չպետք է սահմանները բացվեն. Թուրքիան պետք է հրաժարվի նախապայմաններից, և նոր միայն կարելի է գնալ հարաբերություններ հաստատելուն»,–ասաց Մանոյանը։
Նրա խոսքով` դեռ նախկինում ասել են` Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Հայաստանը տալիք չունի։ Սակայն հիմա իշխանությունները «տանգո» են պարում` թուրքական արտադրանքի առաջ դռները փակում են, հետո որոշ ապրանքներ հանում այդ ցանկից, ասելով, թե դա հումք է, իսկ ավելի ուշ՝ արդեն բարեկամության մասին խոսում։

Հինգի կամ վեցի պլատֆորմը չի աշխատի

Թուրքիայի նախագահն առաջարկել էր տարածաշրջանում խաղաղության հաստատման համար «Հինգի պլատֆորմ» կամ էլ «Վեցի պլատֆորմ» ստեղծել` Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ։ Մանոյանը կարծում է, որ այդ պլատֆորմը չի աշխատի, քանի որ հակառակ պարագայում այն վաղուց կյանքի կոչված կլիներ։ Մանոյանը հիշեցնում է` Էրդողանը նույն առաջարկն էր անում ռուս-վրացական պատերազմի օրերին։
ՌԱԴԻՈ
Հայաստանը կարող է դառնալ թուրքական տնտեսության կցորդ. տնտեսագետը` պտտվող լուրերի մասին
«Դա ընդամենը Թուրքիայի` տարածաշրջանում իր ներկայությունը պաշտոնականացնելն է։ Այս բոլորն անհեթեթ և անիմաստ են այնքան ժամանակ, մինչև Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություն չի հաստատել»,–ասում է Մանոյանը։
Նա հավելեց՝ այլ հարց է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները ոչ միայն Թուրքիայի պահանջներն են իրականացնում, այլև եթե Թուրքիան երկուսն է ուզում, մեր իշխանությունը պատրաստ է հինգը տալ։