ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Խաղողի գնի մթերման թեմայով այսօր մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է տեղի ունեցել և որոշվել է տեխնիկական սորտի խաղողի գինը սահմանել 130 դրամ։ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված բողոքներին։
Նշենք, որ օրեր առաջ Տափերական մոտ մի քանի գյուղերի բնակիչներ ճանապարհ էին փակել` ասելով, որ խաղողի մթերման շատ ցածր գին են իրենց առաջարկում այս տարի` ի տարբերություն նախորդ տարվա։ Օրինակ` այս տարի առաջարկում են 115 դրամ, իսկ գյուղացները պահանջում էին 140-150 դրամի սահմաններում մթերումը կատարվի։
«Հանդիպել եմ խաղողագործների հետ, այցելել «Պռոշյան» գործարան և միակ խնդիրը, որի մասին բարձրաձայնել են, խաղողի գնի շուրջ է։ Խաղող մթերող գործարանների ներկայացուցիչների հետ պայմանավորվածության եկանք գնի շուրջ»,–ասաց Պապիկյանը։
Նրա խոսքով` մամուլի հաղորդագրությամբ կհայտնեն, թե որ ընկերությունների հետ է նման պայմանավորվածություն ձեռք բերվել։ Պապիկյանը նշեց, որ մթերող ընկերությունների հետ պայմանավորվել են նաև աշխատանքային հանդիպումներ ունենալ և խնդիրները լուծել, որպեսզի հաջորդ տարի նույն իրավիճակի առաջ չկանգնեն։