ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում արտադրվող ԱԹՍ–ների քանակն այսօր չի բավարարում բանակի պահանջարկը։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։
«Բայց ես չեմ ուզում դրանում շատ մեծ խնդիր տեսնել, որովհետև մարդիկ նոր են ակտիվանում, նոր են հեռանկարներ տեսնում։ Նաև ՊՆ–ի կողմից իջեցված պատվերն էլ, ըտ էության, նոր է։ Այսինքն` մարդիկ արդեն գիտեն, որ իրենց արտադրանքի կարիքը ունի ՊՆ–ն, և իրենք կարող են, այդ հանգամանքը հաշվի առնելով՝ արդեն մտածել սերիական արտադրության մասին»,– ասաց Խաչատուրյանը։
Նախարարը հայտնեց, որ Հայաստանում ԱԹՍ արտադրող բոլոր ընկերություները գիտեն, որ երկիրը պատրաստ է գնել իրենց արտադրանքը։ Այս հարցով ոլորտի ընկերությունների հետ պաշտպանության ու բարձր տեխնոլոգիական արդյունբերության նախարարներն արդեն երկու քննարկում են անցկացրել։
Հայաստանում ԱԹՍ–ների արտադրությամբ 10 ընկերություն է զբաղվում։ Կան նաև այնպիսիք, որոնք արդեն պատրաստի արտադրանք ունեն ու անգամ փորձարկումներ են անցել։
«Երևի ավելի ճիշտ կլինի վարժանքների ժամանակ նման ստուգումներ անցնեն, որովհետև որքան էլ սովորական պայմաններում փորձարկումներ լինեն՝ հասկանալի է, որ զորավարժությունների ժամանակ դրանք բոլորովին այլ իրավիճակներ են»,– ասաց Խաչատրյանը։
Նախարար Խաչատուրյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում անդրադարձել է նաև պետական համակարգի թվայնացման գործընթացին։ Հարցին, թե ՀՀ քաղաքացին ե՞րբ վերջնականապես կազատվի պետական համակարգում տարբեր փաստաթղթեր ներկայացնելու պահանջից ու ե՞րբ կգործի փաստաթղթաշրջանառության ընդհանուր համակարգը, Վահագն Խաչատուրյանը պատասխանեց, որ գործընթացը նախատեսված ժամկետից փոքր– ինչ ուշացած է, բայց 2022թ–ին խնդիրը կլուծվի։
Հիշեցնենք` 2021թ–ի օգոստոսին Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր, որ պաշտպանության նախարարությունը պատրաստ է իր սպառազինության մեջ ներգրավել տեղական արտադրության ԱԹՍ-ներ։