Զինծառայողներից մեկի մահվան, մյուսի վիրավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կա կասկածյալ, որի արձակած կրակոցների հետևանքով 1 հոգի մահացել է, 1–ն էլ հրազենային վիրավորում է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հադրութի շրջանից հայտնաբերվել է զոհված զինծառայողների ևս 2 աճյուն
«2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ»,–նշված է հաղորդագրության մեջ: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք` shamshyan.com–ն ավելի վաղ հայտնել էր, որ երեկ` ժամը 22։00-ի սահմանում, ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է ստացել, որ Կապանի "պոստերից" մեկում հնչել են կրակոցներ։ Ըստ կայքի տվյալների՝ կա կասկածյալ, որի արձակած կրակոցների հետևանքով 1 հոգի մահացել է, 1–ն էլ` հրազենային վիրավորում է ստացել։ Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը։