44-օրյա պատերազմն Արցախից հետո ամենածանր հետևանքներն ունեցավ Սյունիքի բնակավայրերի վրա, և այդ մարզն անվտանգության թույլ բաղադրիչների պատճառով կորցրել է իր գրավչությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը։
«Երեք տարի առաջվա սպասելիքների ու այսօրվա իրականության խզումը Սյունիքում առավել ակնառու է, որովհետև մարդիկ արթնանում էին բարելավումների ակնկալիքով, բայց ականատեսն են հակառակ պատկերի։ Սյունիքում քաղաքական գործընթացները շարունակվում են ծավալվել ընդհատակում, համայնքապետների և կենտրոնական իշխանության տարաձայնությունների հիմքում պրոցեսների անթափանցիկությունն է, սակայն ՏԻՄ ընտրությունները կարող են խափանել մեր շահերին հակընդդեմ ծրագրերը, և հայրենասեր սյունեցիների համար անցանկալի ելքով ընտրությունների դեպքում հնարավոր են նույնիսկ հետընտրական բախումներ»,– նշեց քաղաքագետը։
Պետրոսյանի դիտարկմամբ` գործող իշխանությունը որոշ համայնքապետների նկատմամբ իրավական գործընթաց հարուցելով և սյունեցիների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով` ձգտում է մարզում ապահովել ՏԻՄ ընտրությունների ցանկալի արդյունք և իր գործելակերպով անուղղակիորեն քողազերծում է իր նպատակները, առավել ևս որ տարբեր ատյաններում վերջին կադրային փոփոխություններ, ըստ նրա, միտված են այդ նպատակների իրականացմանը։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` այս տարի ՀՀ–ում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17–ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։ Հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։