Կորոնավիրուսի դեմ պայքարի 4 սցենարները. ամենալավատեսականից մինչև ամենահոռետեսական

Եկեք անկեղծ լինենք։ Անգամ լավագույն բժիշկներն ու ամենափորձառու մասնագետներն այսօր չեն համարձակվում ստույգ ասել՝ երբ եւ ինչով է ավարտվելու այս անտեր համավարակը։ Բայց հո սցենարներ մշակել կարող են։
Sputnik

Մոտ մեկուկես ամիս առաջ «Լանցետ» գիտական հանդեսում լույս տեսավ հիմնարար մի հոդված, որում, պատկերացրե՛ք, աշխարհի 30 առաջատար բժշկագետներ նկարագրեցին կորոնավիրուսի հետ կապված սցենարները։ Այդ սցենարները 4-ն են՝ ամենալավատեսականից մինչև ամենահոռետեսականը։
Սցենար առաջին. կորոնավիրուսը մոլախոտի նման լիովին արմատախիլ է արվում և ընդհանրապես վերանում մեր մոլորակից, ինչպես եղավ մոտ կես դար առաջ բնական ծաղիկ հիվանդության դեպքում։ Բայց էստեղ շատ կարևոր մի պայման կա՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ թե՛ բուժվելուց, թե՛ պատվաստվելուց հետո մնա շատ ուժեղ և շատ երկարատեւ իմունային հետք։ Ծաղիկ հիվանդության դեպքում այդ պայմանը գործում էր՝ հիշո՞ւմ եք` մանկապարտեզում մի անգամ պատվաստվում էինք և այդ հիվանդության մասին իսպառ մոռանում ողջ կյանքում։ Կա՞ նույն բանը կորոնավիրուսի դեպքում։ Խիստ կասկածելի է։
Պարտադիր պատվաստմանը կողմ եմ, բայց անձամբ ինձ չփորձեք պարտադրել
Երկրորդ տարբերակը մասնագետներն անվանում են "հիվանդության հեռացում"։ Այսինքն` այնքան են պատվաստում մարդկանց, որ զրոյի են հասցնում վարակվելու վտանգը, իսկ հետո շատ խիստ սահմանափակումներ են մտցնում և փորձում եմ ամեն կերպ պահպանել այդ բարեբեր իրավիճակը։ Նախադեպեր կա՞ն։ Այո, Ավստրալիան։ Բա հենց կորոնավիրուսային բարեհաջող իրավիճակն է, որ վերջին երկու տարիներին ապահովում է Ավստրալիայի ամենամեծ նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկյանի բարձր վարկանիշը։ Սակայն եթե զրուցեք այդ կնոջ հետ, որն այս օրերին գտնվում է Երևանում, շատ հնարավոր է անկեղծանա ու ասի, որ հայաստանցիները դժվար թե երբևէ կարողանան ընդօրինակել Սիդնեյի բնակիչների փորձը։ Նախ, էստեղ՝ Հայաստանում, ամենևին չեն ուզում պատվաստվել, երկրորդ՝ գրեթե ոչ ոք չի պահպանում կանոնները։
Իմ անձնագիրն ի վերջո կլինի, բայց արդյոք կլինե՞մ ես, կամ անձնագրերի "արկածները" Հայաստանում
Անցնենք ուրեմն երրորդ սցենարին, որն անվանում են "ապրել վիրուսի հետ"։ Երևի բացատրության կարիք էլ չկա։ Դուք ուղղակի համակերպվում եք այն բանի հետ, որ վիրուսը միշտ ձեզ հետ է, սակայն պատվաստումների միջոցով փորձում եք գոնե մեղմել ամենածանր հետևանքները, և ի վերջո կորոնավիրուսը վերածվում է սեզոնային մրսածության՝ պարբերաբար կրկնվող գրիպի նման։ Այս դեպքում բնակչության մեծ մասը ցանկացած ժամանակահատվածի ընթացքում բավական պաշտպանված է, ինչը բացառում է հիվանդության զանգվածային բռնկումը։ Համաձայնե՛ք, էլի լավ է։
Լավ է՝ չորրորդ սցենարի համեմատությամբ, որը կարելի է անվանել մասշտաբային բռնկում։ Այս սցենարը կգործի այն դեպքում, եթե մոլորակի բնակչության մեծ մասը մնա չպատվաստված։ Վիրուսը կսկսի սրընթաց տարածվել և մուտացիաների ենթարկվել։ Այս 4 սցենարներից ո՞րն է ավելի հավանական։ Մասնագետները համակարծիք են՝ երկարաժամկետ առումով երրորդ տարբերակը։
Անվճար պոնչիկ, շահումով կով, թատրոնի տոմս. ուրիշ ինչե՞ր են խոստանում պատվաստվողներին
Հիշեցնեմ, որ երրորդ սցենարը վիրուսի հետ համատեղ ապրելու բավական տխուր հեռանկարն է։ Իսկ այդ սցենարի մեծ հավանականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատվաստման տոկոսն աշխարհում բավական ցածր է։ Ախր որպես օրինակ մեզ միշտ բերում են այն երկրները, որոնք հսկայական հաջողությունների են հասել, այնինչ, այսպես ասած, համամոլորակային փաստը սա է՝ մինչև այժմ ողջ աշխարհում պատվաստվել է յուրաքանչյուր 4 մեծահասակից ընդամենը մեկը, ինչը թույլ է տալիս վիրուսին հանգիստ պտտվելու աշխարհով մեկ և մուտացիայի ենթարկվելու՝ որքան ուզի։
Ֆրանսիան 25 000 դեղաչափ պատվաստանյութ է նվիրել Հայաստանին. Մակրոնի հայերեն գրառումը
Բայց գիտնականները ասում են, որ այս 4 տարբերակից բացի գոյություն ունի նաև հինգերորդը՝ առավել լավատեսականը։ Այդ սցենարի ջատագովները պնդում են՝ տեսանելի ապագայում վերջապես կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի շատ արդյունավետ միջոց՝ խմում ես հաբը, և հիվանդությունը վերանում է։ Այս հրաշք սցենարն իհարկե կարող է գործել, բայց միայն մի դեպքում՝ եթե բախտներս իսկապես բերի։