ՌԱԴԻՈ

Գորիս-Կապան ճանապարհի մասին գաղտնի պայմանավորվածություննե՞ր կան

Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի սահմանային գոտում ստեղծված իրավիճակին, ադրբեջանցիների վարքագծին և անվտանգության հետ կապված հարցերին։
Sputnik
Կապանի նախկին քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հիշեցնում է, որ Գորիս-Կապան ճանապարհի վերաբացումից հետո հնչած հայտարարության մեջ նշվել է, որ կտեղադրվեն արգելապատնեշներ, սակայն չի մասնավորացվել, թե ում կողմից և ինչ նպատակով։ Ուստի նա կարծում է, որ հայտարարության տեքստից կարելի էր ենթադրել, որ այդ մասով կան պայմանավորվածություններ, որոնք որոշ ժամանակ գաղտնի էին պահվել հասարակությունից։
«Այնուամենայնիվ այս ամենը խիստ մտահոգիչ է, և խնդիրը չի վերաբերում միայն ճանապարհին տեղակայված ադրբեջանական ոստիկանական հենակետին։ Դժվար է պատկերացնել, թե զարգացումները մինչև ուր կտանեն, բայց էական է այն, թե ինչպես է պատկերացնում խնդրի լուծումը ՀՀ ներկա իշխանությունը։ Կարծում եմ, որ որևէ պատկան մարմին այսօր չի կարող երաշխավորել սյունեցիների անվտանգությունը։ Դա լոկ խոսքերով չի արվում, և եթե գործը հասել է ստուգման քողի ներքո պարսկական մեքենաները զննելուն, ապա դա չի կարող որևէ մեկին հաճելի լինել։ Արդյո՞ք նպատակը միայն պարսական մեքենաների ստուգումն է, կարծում եմ` ոչ»,– ասաց Կապանի նախկին քաղաքապետը։
Բաքուն խոստովանել է, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին փող են վերցնում իրանցիներից
Հայրապետյանի դիտարկմամբ` եթե ինչ-որ "վիճելի" տարածքներով մի քանի կիլոմետր երթևեկելու համար իրանական մեքենաներից ադրբեջանցիները մաքսատուրք են գանձում, ինչ–ինչ փաստաթղթեր են ստուգում, ապա դա առաջին հերթին պետք է դառնա հայկական կողմի խնդիրը. թե՛ բեռնափոխադրողների, թե՛ մեր համաքաղաքացիների շահերից ելնելով` հայկական կողմը պետք է հետամուտ լինի այդ խնդրի լուծմանը։
Կապանի նախկին քաղաքապետին ցավ է պատճառում նաև այն, որ հայկական Որոտանը մեր կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է ադրբեջանական տեղանունով, ինչը նշանակում է, որ աստիճանաբար գուցե մարդկանց այդպես սովորեցնելու, հարմարեցնելու, նրանց հոգեբանության մեջ փոփոխություն մտցնելու փորձ է արվում։
Ըստ նրա`ադրբեջանական զինուժը Սև լճի հարևանությամբ ոչ միայն պատրաստվում է ձմեռել, այլև հիմնովին հաստատվել այդ տարածքում, մինչդեռ ՀՀ պատկան մարմիններին այդ հանգամանքն ամենևին չի անհանգստացնում։
Նշենք, որ 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: