Իրանի համար օրակարգային է ճանապարհների խոչընդոտների վերացումը. ՀՀ–ում Իրանի դեսպանություն

ՀՀ–ում Իրանի դեսպանությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի դեսանությունից։
Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 250 դոլար են ուզում։ Խնդրի առնչությամբ գրավոր դիմել էինք ՀՀ–ում Իրանի դեսպանություն` տեղեկանալու, թե ի՞նչ են պատրաստվում անել Իրանի իշխանություններն իրավիճակը հանգուցալուծելու համար։
ՌԱԴԻՈ
Գորիս-Կապան ճանապարհի մասին գաղտնի պայմանավորվածություննե՞ր կան
«Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին»,–ասված է մեր հարցման պատասխանում։ Բացի այդ, նշվում է նաև, որ Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են: ՀՀ–ում Իրանից դեսպանությունից հայտնում են` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են:
«Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ: Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը»,–նշում են դեսպանությունից։
Այդ շենքը պատկանում է ՀՀ քաղաքացու.ՄԻՊ-ը` Սյունիքի ադրբեջանական ոստիկանական հենակետի մասին
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, անդրադառնալով իրանական բեռնատարների ստուգումներին, հայտարարել էր, որ փորձում են օգտագործել Իրանի հնարավորությունները տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար՝ բոլոր հարևանների մասնակցությամբ։
Միաժամանակ Ադրբեջանի մաքսատան ծառայությունը նույնպես հայտարարել էր` օտարերկրյա պետությունների ավտոտրանսպորտային միջոցները հարկվում են ճանապարհային հարկով, ինչպես նաև պետական տուրքով՝ Ադրբեջանի տարածքով փոխադրումները անելու համար։