ՀՀ նախագահը շախմատ է խաղացել գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ և նրան պարգևատրել շքանշանով

Նախագահի հետ հանդիպման ժամանակ Դանիելյանը նշել է, որ մեծ պատիվ է իր համար և ընդգծել, որ յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է դարձնում իրեն ու իր գրանցած հաջողություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վերջերս նվաճելով շախմատի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրել էր առաջին նմանատիպ հաջողությունը:
Արմեն Սարգսյանը պարգևատրել է Էլինա Դանիելյանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլինա Դանիելյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Սարգսյանը շնորհավորել է Դանիելյանին և նոր հաղթանակներ մաղթել:
Նախագահը նշել է, որ հպարտությամբ է հետևել Եվրոպայի կանանց առաջնությունում գրոսմայստերի յուրաքանչյուր ելույթի և բարձր է գնահատել շախմատիստուհու ստեղծագործական մոտեցումը հինավուրց խաղին:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է շախմատային տախտակի շուրջ. պարտիան ավարտվել է բարեկամական ոչ-ոքի:
Արմեն Սարգսյանը շախմատ է խաղացել Էլինա Դանիելյանի հետ
Նախագահի հետ հանդիպման ժամանակ Դանիելյանը նշել է, որ դա մեծ պատիվ է իր համար։
«Յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է դարձնում իրեն ու իր գրանցած հաջողություններին: Այդ պահին զգում ես, որ այն, ինչ անում էիր տարիների ընթացքում, այն աշխատանքն ու ջանքերը, որոնք գործադրել ես, իզուր չէին: Առանց դրա մեզ դժվար կլինի արդյունքներ ցույց տալ: Սա ոգեշնչում է և ուժ է տալիս հետագա նպատակներին հասնելու համար»,–ասել է նա:
Էլինա Դանիելյանը պարգևատրվել է "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի շքանշանով
Հիշեցնենք`օգոստոսի 20–ին Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող ճանաչվեց և դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն։