ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված կորոնավիրուսի պատվաստանյութի 25 000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
«Համաճարակին դիմագրավելու նպատակով Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ թվիթերյան իր էջում հայատառ գրառում է արել` հայտնելով, որ պատվաստանյութերը Հայաստանում են` ինչպես և ինքն էր խոստացել։
«Համերաշխություն գործողության մեջ` COVID-19 համավարակի դեմ պայքարում»,–գրել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ Հայաստանին 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին օգոստոսի 3-ին հայտնել էր նախագահ Էմանուել Մակրոնը:
Հայաստանում սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք։