Եվրոպայում սխալները չեն ներում. "Ալաշկերտը" պարտվեց խոշոր հաշվով

Անկախ ամեն ինչից, "Ալաշկերտի" հանդիպումը Իսրայելում պատմական է համարվում։ Առաջին անգամ հայկական ակումբը մեկնարկեց ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եվրոգավաթի խաղարկության խմբային փուլում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվեց Իսրայելը ներկայացնող Թել Ավիվի «Մաքքաբիին» և խոշոր 1։4 հաշվով պարտություն կրեց։
Հաշվի առնելով «Ալաշկերտի» խաղն ու արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում` մտավախություն կար, որ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը կարող է անհաջողության մատնվել, այն էլ արտագնա խաղում։ Մրցակիցը թույլ թիմ չէր, և ընդհանրապես արդեն վաղուց պետք չէ մտածել թույլ կամ ուժեղ թիմերի մասին։
«Մաքքաբիի» հետ արտագնա խաղի առաջին կեսում Հայաստանի գործող չեմպիոնը վատ տպավորություն չթողեց։ Բայց տակտիկական սխալները պաշտպանությունում մեր թիմին մինչև ընդմիջում կանգնեցրին կոտրած տաշտակի առջև։
Երկու անգամ նմանատիպ կերպով գործելով գրոհի վերջանական փուլում` «Մաքքաբիի» ֆուտբոլիստները դուրս էին գալիս հարվածային դիրք առանց մեր պաշտպանների ճնշման ու երկու դեպքում էլ գրավում «Ալաշկերտի»դարպասը։ Ճիշտ է, այդ երկու գոլերի միջև Ժոզե Էմբալոն աչքի ընկավ մեր թիմի կազմում, բայց երևում էր, որ մրցակցի հաջողությունները ոչ այնքան արագ գրոհի կամ ինչ-որ արտասովոր գործողության արդյունք են, այլ մեր ֆուտբոլիստների սխալների։
Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպման ամենաուշագրավ կադրերը
Երբ հաշիվը դարձավ 1։1, հույս առաջացավ, որ «Ալաշկերտը» կարող է և դրական արդյունքի հասնել։ Բայց մինչև ընդմիջում դաշտի տերերը հաղթում էին երկու գնդակի առավելությամբ՝ 3։1, և շատ դժվար էր հավատալ, որ մերոնց կհաջողվի բեկել խաղի ընթացքը։
Եվ չհաջողվեց, որովհետև "Ալաշկերտը" սխալներից զուրկ չմնաց նաև հանդիպման երկրորդ կեսում։ Եվ հենց սխալների հանրագումարում մեր թիմը բաց թողեց չորրորդ գնդակը, և պարտվեց խոշոր 1։4 հաշվով։
Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում "Ալաշկերտը" կանցկացնի սեպտեմբերի 30-ին։ Այդ օրը մեր թիմը սեփական հարկի տակ կընդունի Ֆինլանդիան ներկայացնող "Հիկին"։