Ռուս զինծառայողները, շարունակելով իրենց խաղաղապահ առաքելությունը Արցախում, մարդասիրական ակցիա են անցկացրել տեղի 300 դպրոցականներին խմելու ջրով ապահովելու համար: Ակցիան անցկացվել է «Մերսի» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները երեկ բարերարների խնդրանքով ջրի տարաներ են տեղափոխել Հայաստանից Արցախ։
Ռուս խաղաղապահները Ասկերանի շրջանի Այգեստան, Հովսեփավան և Դաշուշեն բնակավայրերի դպրոցներին խմելու ջուր կուտակելու համար հանձնել են 3 և 5 տոննա տարողության տարաներ: Տեղադրվելուց հետո դրանք անմիջապես լցվել են ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ ջրատարների օգնությամբ:
Ըստ ՌԴ ՊՆ-ի` ընդհանուր առմամբ խմելու ջրի պահեստավորման 14 տարա կփոխանցվի Արցախի մանկապարտեզներին և դպրոցներին, որոնց մի մասը գտնվում են շփման գծի մոտ:
Ավելի վաղ խաղաղապահ զորախմբի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ջրատարներով ավելի քան 30 երթ էին իրականացրել` Ստեփանակերտի 1,5 հազար բնակչի հասցնելով 200 տոննայից ավելի խմելու ջուր:
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: