ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ–ում հայտարարեց, որ վավերականության ժամկետը լրացած անձնագրերով քաղաքացիներն առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք չեն ունենա։
«Վերջին փոփոխությունների համաձայն, որը կիրառվելու է այս ՏԻՄ ընտրություններում, բոլոր այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, չեն ներգրավվի ընտրական ցուցակներում»,– ասաց նա` հավելելով, որ կարգը, թե ովքեր պետք է ընդգրկվեն ընտրական ցուցակներում, սահմանված է օրենքով։ Հետևաբար մեղադրանքները, թե ԿԸՀ–ն այսկերպ սահմանափակում է որոշ քաղաքացիների ընտրական իրավունքը, Մուկուչյանը չընդունեց։
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի հիշյալ փոփոխությունը կատարվեց 2021 թվականի մայիսի 7-ին։
Գործող իշխանությունը փորձում էր լուծել ընտրական ցուցակները արտերկրում բնակվող ու վաղուց Հայաստան չվերադարձած քաղաքացիներից «մաքրելու» խնդիրը, քանի որ եթե անձնագրի ժամկետը լրացել է, ու քաղաքացին չի դիմել նոր անձնագիր ստանալու, ենթադրվում է, որ Հայաստանում չէ ու տևական ժամանակ չի վերադարձել։
Օրենքի փոփոխությունը, սակայն, ուժի մեջ մտավ միայն 2021թ–ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո, հետևաբար այդ ընտրություններում ժամկետանց անձնագրերով քաղաքացիները դեռևս իրավունք ունեին քվեարկելու։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17–ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։