ՌԱԴԻՈ

Զորավարժություններն ուղղված են առաջին հերթին Հայաստանի դեմ. Հարությունով

Ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է այսօր մեկնարկող Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան զորավարժություններին։
Sputnik
Թուրքիան, Պակիստանը և Ադրբեջանը ստեղծում են ոչ պաշտոնական դաշինք, և երեք երկրների հատուկ ստորաբաժանումների մեկնարկող զորավարժությունները լիովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը:
Նրա խոսքով`թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը վաղուց սերտ համագործակցում են Պակիստանի հետ: Ավելին, Թուրքիայի դեպքում խոսքը  ռազմավարական համագործակցության մասին է: Անկարան բավականին խոշոր ռազմական մատակարար է հանդիսանում Իսլամաբադի համար, հատկապես ուղղաթիռների գնման առումով, Պակիստանն էլ իր հերթին ռազմածովային տեխնոլոգիաներ է վաճառում Թուրքիային։ 
Երեք երկրներին միմյանց կապող հիմնական գործոններից մեկն էլ տնտեսական համագործակցությունն է։ Թուրքիան ձգտում է ինտեգրվել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում, իսկ Պակիստանը կարևորագույն հանգույց է Թուրքիայի համար:
Հարությունովի դիտարկմամբ` զորավարժություններն այս ամենի ուղղակի շարունակությունն են։
«Դեռ վաղ է խոսել պաշտոնական դաշինքի մասին, բայց այս երեք պետությունների որոշակի «բլոկ» է ձևավորվում: Վարժանքներն առաջին հերթին ուղղված են Հայաստանի դեմ, ինչ-որ տեղ դա նաև մեսիջ են Ռուսաստանին»,- ասաց Հարությունովը։
Նշենք, որ սեպտեմբերի 12-20-ը Բաքվում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի «Երեք եղբայր-2021» համատեղ զորավարժությունները:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Պակիստանն անուղղակի աջակցել է Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում։
Ադրբեջանական «մասկիրովկա»՝ վրացի ձեռնարկատիրոջ հետևում. ո՞վ է մտնելու հայկական շուկա